Միջազգային

ԱՄՆ-ում տպավորված են Ուկրաինայի՝ Կուրսկի մարզ ներխուժմամբ. Politico

ԱՄՆ-ում տպավորված են Ուկրաինայի՝ Կուրսկի մարզ ներխուժմամբ. Politico

Վաշինգտոնի պաշտոնյաներն ավելի ու ավելի են հրապարակայնորեն գովում Կիևի անսպասելի ներխուժումը ռուսական տարածք, քանի որ Ուկրաինային հաջողվել է անհարմար դրության մեջ դնել Պուտինին, խարխլել Կրեմլի ռազմավարությունը և գրավել սահմանի երկայնքով մեծ տարածքներ․ գրում է Politico-ն:

Պարբերականը հիշեցնում է, որ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի առաջխաղացումը Մոսկվային դժվար կացության մեջ է դրել՝ միաժամանակ ընդունելով, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Կիևի հետ, քանի որ օպերացիան շարունակվում է:

«Դա իսկական երկընտրանք է ստեղծում Պուտինի համար, և մենք ուղիղ, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ», - նշել է Բայդենը:

Ուկրաինային սատարելու խոսքեր են հնչել նաև ԱՄՆ այլ պաշտոնատար անձանց կողմից։

Politico-ն հիշեցրել է, որ սենատոր Ռիչարդ Բլումենտալը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական պաշտոնյաները «տպավորված են և մի փոքր տարակուսած» ուկրաինական գործողությունից, «քանի որ նրանք դա շատ լավ են արել»:

Ուկրաինայի իշխանություններին գովել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլը․

«Կարծում եմ՝ սա ուկրաինացիների ուղերձն է՝ երբ մեզ տալիս եք այն, ինչ պետք է հաղթելու համար, մենք կարող ենք հաղթել»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական