Այսօր Վրաստանում ժողովրդավարությունը խարխլվում է Գերմանիայում վերապատրաստված իրավաբանների կողմից։ Հունիսի 13-ին Ռայնհարդ Ֆեզերի «Թբիլիսիի գերմանացի բժիշկները» հոդվածը հայտնվել է գերմանական հեղինակավոր Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) հրատարակության էջերում։ Նրանց անունները քաջ հայտնի են. նրանք իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներ են, որոնք առաջնագծում են օտարերկրյա գործակալների մասին օրենքը առաջ մղելու գործում, որը բողոքի ցույցեր է առաջացրել Վրաստանում և կարող է հանգեցնել Արևմուտքի կողմից հնարավոր պատժամիջոցների։
Նրանք են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ու խորհրդարանի իրավական հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին։ Ապրիլին Բեռլին կատարած այցի ժամանակ՝ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսին, Վրաստանի վարչապետ Կոբախիձեն գերազանց գերմաներենով խոսել է Գերմանիայի և Վրաստանի հարաբերությունների հատուկ գլխի՝ 1990-ականների սկզբից վրացի իրավաբանների՝ Գերմանիայում վերապատրաստման մասին։
«Ես, խորհրդարանի նախագահը, արդարադատության նախարարը, խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը և շատ այլ պետական-քաղաքական գործիչներ սովորել և դոկտորի կոչում են ստացել Գերմանիայում»,- ասել է Կոբախիձեն։