Իրանը և Բահրեյնը պայմանավորվել են ստեղծել անհրաժեշտ մեխանիզմներ՝ քննարկելու քաղաքական ու դիվանագիտական կապերի վերականգնման ուղիները: Բահրեյնի արտաքին գործերի նախարար Աբդուլլաթիֆ բեն Ռաշիդ ալ Զայանին կիրակի օրը ժամանել էր Թեհրան՝ մասնակցելու հունիսի 23-24-ը կայանալիք Ասիական համագործակցության երկխոսության (ACD) գագաթնաժողովին։
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին երկօրյա գագաթնաժողովի առաջին օրը հանդիպել է Բահրեյնի բարձրաստիճան դիվանագետ Ալ Զայանիի հետ։ Հանդիպումից հետո երկու երկրները հայտարարություն են տարածել, որով պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել բանակցություններ՝ ուղղված երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների վերականգնմանը։