ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ պատասխանել է Գազայում ԱՄՆ-ի առաջարկած հրադադարի ծրագրին․ փոխանցում է BBC-ն։
Խմբավորման բարձրաստիճան ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ նախկինի պես Իսրայելից պահանջում են մշտական հրադադարի պարտավորություններ
Միևնույն ժամանակ, Reuters գործակալությունը, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյային, հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ը, իբր, մերժել է պատանդներին ազատելու առաջարկը: Հրադադարի ծրագիրը, որն առաջարկվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից և հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, նախատեսում է վեցշաբաթյա հրադադար, որը հետագայում պետք է դառնա մշտական, ինչպես նաև իսրայելցի պատանդների ազատում ՀԱՄԱՍ-ի գերությունից և պաղեստինցի բանտարկյալների ազատում Իսրայելի բանտերից: Քաթարն ու Եգիպտոսը, որոնք ԱՄՆ-ի հետ միասին հանդես են գալիս Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում որպես միջնորդ, հաստատել են, որ պաղեստինյան խմբավորումը պատասխանել է առաջարկներին:
Երեքշաբթի երեկոյան իր հայտարարության մեջ ՀԱՄԱՍ-ը կոչ է արել «ամբողջությամբ դադարեցնել» Գազայում ռազմական գործողությունները: