Չինաստանը չի մասնակցի Շվեյցարիայում կայանալիք խաղաղության գագաթնաժողովին: Այդ մասին հայտնել է «Reuters»-ը։ Մասնակցությունից հրաժարվելու պատճառն այն է, որ խաղաղության գագաթնաժողովը չի համապատասխանում Չինաստանի տեսանկյունից անհրաժեշտ մի շարք պահանջներին։ Մասնավորապես, ՉԺՀ-ն պնդում է, որ գագաթնաժողովին պետք է հավասարապես մասնակցեն ինչպես Ուկրաինան, այնպես էլ Ռուսաստանը։
Գագաթնաժողովը, որտեղ նախատեսվում է քննարկել Ուկրաինայում խաղաղության հասնելու երկրների ջանքերը, տեղի կունենա Շվեյցարիայում՝ հունիսի 15-16-ը: Մայիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է ուղերձ, որը ձայնագրվել է Խարկովում ավերված շենքի ֆոնին, որում կոչ է արել ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդներին՝ գալ սամմիթ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես ենթադրվում է, նույնպես չի ժամանի գագաթնաժողովին՝ ընթացող ընտրարշավի պատճառով։ Սպիտակ տանը հավաստիացրել են, որ ԱՄՆ ներկայացուցիչները կմեկնեն Շվեյցարիա, սակայն թե ով կգլխավորի պատվիրակությունը, դեռ հայտնի չէ: Ռուսաստանը խաղաղության գագաթնաժողովին հրավիրված չէ։