Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները, Խարկովի վրա հարձակումները և ռազմաճակատում ռուսական զորքերի առաջխաղացումը հանգեցրել են նրան, որ ուկրաինական զորքերը մոտեցել են կրիտիկական կետին․ գրում է «Bloomberg»-ը: Ուկրաինան գտնվում է ամենախոցելի վիճակում պատերազմի սկզբից ի վեր․ պարբերականին հայտնել են արևմտյան կառավարական աղբյուրները՝ մատնանշելով ռազմաճակատում զինամթերքի և մարդկանց պակասը և հակաօդային պաշտպանության թերությունները:
Bloomberg-ի զրուցակիցներից մեկը կարծում է, որ ուկրաինական պաշտպանության փլուզման վտանգ կա, ինչը Կրեմլին հնարավորություն կտա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր առաջին անգամ խոշոր հարձակում իրականացնել: Միացյալ Նահանգները ոչ մի նշան չի տեսնում, որ ռուսական զորքերի առաջխաղացումն անխուսափելի է․ այս մասին հայտարարել է ամերիկացի պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ: Սակայն Ուկրաինայի բարոյական ոգին ցածր է, և չի կարելի բացառել բանակի փլուզման հնարավորությունը․ ասել է մեկ այլ պաշտոնյա՝ անանունության պայմանով: