Միջազգային

Ռումինիայի նախագահը մտադիր է առաջադրվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Ռումինիայի նախագահը մտադիր է առաջադրվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է, որ որոշել է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու։ 

«Որոշել եմ մասնակցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար անցկացվող մրցույթին, Ռումինիայի անունից առաջադրել եմ իմ թեկնածությունը, այս որոշումը կայացվել է Ռումինիայի նախագահի երկու մանդատների ընթացքում ձեռք բերած իմ փորձի հիման վրա՝ ՆԱՏՕ-ի, Եվրոպայի և մեր տարածաշրջանի առջև ծառացած խնդիրների խորը ըմբռնումով»,- ասել է Յոհանիսը ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն նոր հայացքի կարիք ունի։ Մասնավորապես, Յոհանիսը նշել է, որ Արևելյան Եվրոպան արժեքավոր ներդրում ունի ՆԱՏՕ-ի շրջանակներում կայացվող քննարկումներում և որոշումների կայացման հարցում, ուստի այս տարածաշրջանը պետք է ներկայացված լինի դաշինքի ղեկավարության կազմում։

«Մենք մշտապես ձգտել ենք հնարավորինս մոտեցնել Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերը, քանի որ, այոշ, անդրատլանտյան հարաբերությունները մեզ համար կարևոր են: Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որպեսզի մեր երկիրն ստանձնի է՛լ ավելի մեծ պատասխանատվություն Եվրատլանտյան շրջանակներում: Սա մի պետության օրինական ձգտումն է, որն արմատական ​​վերափոխումներ է ապրել վերջին երկու տասնամյակների ընթացքում և որը կարող է օգտագործել այս փորձը՝ նոր տեսլական ձևավորելու համար»,- ընդգծել է նա։

Յոհանիսը հավելել է, որ Ռումինիան չէր կարողանա տնտեսապես զարգանալ և չէր ներգրավի կապիտալ ու ներդրողներ, եթե չլինեին ազգային անվտանգության ամուր երաշխիքները։ Եվ այդ երաշխիքներն ուղղակիորեն կապված են երկրի ռազմական արդիականացման, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքին նրա անդամակցության հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական