Ամերիկյան հեղինակավոր Freedom House հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» զեկույցն՝ անդրադառնալով 2023թ. զինված բախումներին, խոսելով Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության տեղահանման, աշխարհում ավտորիտարիզմի աճի, Ադրբեջանի և Ռուսաստանի իշխող ռեժիմների մասին։
Այն, մասնավորապես, գրել է. «Սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշարումը հանգեցրեց տեղական կառավարման մարմինների լուծարմանը և ավելի քան 120․000 հայի բռնի տեղահանմանը, ինչը շատ օտարերկրյա դիտորդներ որակեցին որպես էթնիկ զտումներ: Բաքվի ռազմական հարձակումը տեղի ունեցավ Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակումից հետո, որը տարածքը արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհն էր․ դրա պատճառով Լեռնային Ղարաբաղի բնակիչները դժվարանում էին ձեռք բերել առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ սնունդ, բժշկական պարագաներ և վառելիք: Շուրջ երեք տասնամյակ էթնիկ հայ բնակչությունը գտնվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անլուծելի հակամարտության կենտրոնում: 2020-ի հարձակումը մեծ օգուտներ բերեց Բաքվին, իսկ 2022-ին Մոսկվայի ներխուժումը Ուկրաինա սահմանափակեց ռուսական խաղաղապահ կարողությունները, և ադրբեջանական ուժերը դանդաղորեն խստացրին իրենց վերահսկողությունը անկլավից մնացած տարածքի վրա: Բաքուն կարող է ոգեշնչման համար հյուսիս նայել՝ Կրեմլի կողմից Ղրիմն Ուկրաինայից ապօրինաբար բռնագրավելու օրինակով»։