Միջազգային

Շոլցը և Զելենսկին անվտանգության ոլորտում համաձայնագիր են ստորագրել

Շոլցը և Զելենսկին անվտանգության ոլորտում համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը անվտանգության ոլորտում երկարաժամկետ պարտավորությունների վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։

Ուկրաինայի նախագահի գրասենյակը հրապարակել է Գերմանիայի հետ երկկողմ համաձայնագրի կետերը:

Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան մանրամասնել է. «Սա արդեն երկրորդ համաձայնագիրն է Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագրից հետո, որը մենք ստորագրում ենք՝ ի կատարումն G7-ի 2023 թվականի հուլիսի 12-ի համատեղ հռչակագրի»։ 

Ժովկվայի խոսքով՝ համաձայնագրի կնքմանը նախորդել են ինտենսիվ բանակցությունների չորս փուլ, այդ թվում՝ Բեռլինում:

Ըստ այդմ, 2024 թվականի համար նշվել է Գերմանիայի կողմից 7,1 միլիարդ եվրո ֆինանսական և ռազմական օգնություն։

Գերմանիան աջակցում է Ուկրաինայի ջանքերին բարեփոխումների ճանապարհին, մասնավորապես, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումների համատեքստում։

Ուշադրություն է դարձվել նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությանը և Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի բարձր տեխնոլոգիական զարգացման աջակցությանը, այդ թվում՝ գերմանական ներդրումների հաշվին։ 

Համաձայնագիրը կնքվել է 10 տարի ժամկետով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական