Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 29-ին հանդիպել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հետ։ Նշվում է, որ նրանց միջև տարաձայնություններ են առաջացել՝ կապված նրա հետ, թե այս տարի քանի զինծառայող է պետք մոբիլիզացնել Ուկրաինայում:
The Washington Post-ը գրում է, որ Զալուժնին առաջարկել է մոբիլիզացնել մոտ 500 հազար հոգու, բայց Զելենսկին այդ թիվը համարում է աննպատակահարմար՝ հաշվի առնելով համազգեստի, զենքի և ուսումնական տարածքների պակասը, ինչպես նաև մոբիլիզացիայի հետ կապված այլ հնարավոր խնդիրներ: Իր հերթին, Զալուժնին պատասխանել է, որ կորուստների պատճառով ուժերը Ուկրաինային չեն բավականացնում, ու, բացի այդ, պետք է համարժեք քայլ անել՝ ի պատասխան Մոսկվայի կողմից մոբիլիզացվող 400 հզ․–անոց զորքի:
Պարբերականը գրում է, որ Զելենսկին Զալուժնուն ասել է, որ ուկրաինացիները հոգնել են պատերազմից, իսկ Ուկրաինային միջազգային աջակցությունը նվազել է, ուստի նոր գլխավոր հրամանատարը կարող է «վերակենդանացնել» իրավիճակը։ Սպասվում են նաև Զալուժնիի շտաբի ավագ սպայակազմի հեռացումներ։ Պարբերականը նաև գրել է, որ Զալուժնու պաշտոնանկության որոշումն, ըստ էության, կայացվել է․ հարցը միայն փոխարինող գտնելն է։