Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն պատասխանել է ՀՀ բանակի 32-րդ տարեդարձի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին՝ հայ-ադրբեջանական զենքի և սպառազինությունների երկկողմ վերահսկման մեխանիզմի և չհարձակման վերաբերյալ պայմանագիր կնքելու մասին։
Հաջիզադեն հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և միջպետական հարաբերությունների մասին երկկողմ համաձայնագրի կնքման գործընթացից ուշադրությունը շեղելուն:
«Ադրբեջանական կողմի համաձայնագրի նախագծի քննարկումների մեկնարկից ի վեր հայկական կողմն իր Սահմանադրության, օրենսդիր մարմնի մի շարք որոշումների, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո միջազգային տարբեր դատարաններին ուղղված իր դիմումներում, միջազգային կազմակերպությունների շրջանակներում տարածվող պաշտոնական նամակագրություններում և նամակներում շարունակում է հանդես գալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հավակնություններով»,- հայտարարել են Բաքվի ԱԳՆ-ից։
Ըստ պաշտոնական Բաքվի՝ Փաշինյանի հայտարարությունը միլիարդավոր դոլարների զենքի գնման մասին խոչընդոտ են հանդիսանում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հարգանքի վրա հիմնված տարածաշրջանի հետագա զարգացման և առաջընթացի համար։
«Ադրբեջանն, իր հերթին, շարունակելու է խաղաղության կառուցման ուղղված ջանքերը և Հայաստանից ակնկալում է համարժեք քայլեր ոչ միայն խոսքով, այլև գործով»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը: