Բաքուն հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարարի այցն Ադրբեջան` Ամստերդամից հնչող քննադատական հայտարարությունների պատճառով, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանի ԱԳՆ-ն վրդովված է, որ Նիդերլանդների նախարար Հանկե Բրուինս Սլոթն սպառնացել է Ադրբեջանին պատժամիջոցներով և ասել, որ «Բաքվի վերջին հրապարակային հայտարարությունները անհանգստության տեղիք են տալիս»։
Բաքվում նախարարի հայտարարությունները խորհրդարանում գնահատել են որպես «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ և տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրողությունների նկատմամբ կանխակալ մոտեցման օրինակ»։
«Ցավոք, հերթական անգամ հոլանդացի պաշտոնյան, խորհրդարանի ներկայացուցիչների խնդրանքին ի պատասխան հանդես գալով մեղադրական հայտարարությամբ, ակնհայտորեն խեղաթյուրել է ադրբեջանական կողմի հայտարարությունները։ Սա առաջին դեպքը չէ, երբ եվրոպացի պաշտոնյաները նման անպատասխանատու հայտարարություններ են անում։ Այս հայտարարություններն Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերին զուգահեռ՝ մեր տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրողությունների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի օրինակներ են։
Նման հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները հարված են Ադրբեջանի և Եվրամիության միջև երկկողմ հարաբերություններին և կապերին:
Ինչ վերաբերում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի՝ մեր երկիր այցելելու մտադրությանը, նշում ենք, որ Ադրբեջանը, ինչպես գիտեք, հետաձգել է այս այցը։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ այցի ընթացքում մտադիր է քննարկել միայն երկկողմ հարաբերությունները, այլ ոչ թե ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին խնդիրները։
Կոչ ենք անում հոլանդական կողմին վերջ տալ նման հայտարարություններին, որոնք խոչընդոտում են տարածաշրջանի հետագա զարգացմանն ու առաջընթացին՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հարգման հիման վրա»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Ավելի վաղ Հանկե Բրուինս Սլոթը Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում նշել էր, որ Հայաստանի վերաբերյալ Ադրբեջանի վերջին հայտարարությունները մտահոգիչ են: Նա համոզմունք էր հայտնել, որ Բաքվի դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել: