Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի են ունեցել Իրանի և Թուրքիայի նախագահների երկկողմ բանակցությունները։
Հանդիպմանը, որը տևել է շուրջ 2 ժամ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է հարևան Իրանին ահաբեկչության դեմ պայքարում։
«Քննարկել ենք տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Պաղեստինյան հարցը թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի ուշադրության կենտրոնում է։ Քննարկել ենք Գազայի հատվածի վրա Իսրայելի անմարդկային հարձակումները դադարեցնելու և հրատապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ արդար և կայուն խաղաղություն հաստատելու համար։
Մենք կշարունակենք աշխատել դարեր շարունակ Իրանի՝ մեր հարևան երկրի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ մեր երկրների և մեր տարածաշրջանի շահերին համապատասխան»,- ասել է Էրդողանը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, իր հերթին, նշել է, որ Իրանն ու Թուրքիան համագործակցությամբ կարող են լուծել բազմաթիվ տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։
«Թուրքիայի անվտանգությունը՝ մեր անվտանգությունն է։ Նրանք ցանկանում են տարաձայնություն սերմանել տարածաշրջանի երկրների միջև։ Դրան հակազդելու ճանապարհը տարածաշրջանային համագործակցությունն է։
Միջազգային կազմակերպությունները չեն կարող կատարել իրենց գործառույթները։ ՄԱԿ-ը կորցրել է իր գործառույթը։ Իրանը երկար տարիներ լավ հարաբերություններ է պահպանում Թուրքիայի հետ։ Ցանկանում ենք ապագայում այդ հարաբերությունները բարձրացնել ավելի բարձր մակարդակի»,- ասել է Ռայիսին։