Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի երեկոյան հաստատել է կառավարության կազմը, որը ձևավորվել է նորանշանակ վարչապետ Գաբրիել Ատտալի կողմից: Մակրոնի գրասենյակի գլխավոր քարտուղար Ալեքսիս Կոլերը պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի կառավարության նոր անդամների մասին:
Նախկին կառավարության մի շարք առաջատար նախարարներ, որոնց գլխավորում էր պաշտոնաթող Էլիզաբեթ Բորնը, պահպանել են իրենց պաշտոնները: Նրանք են էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը, ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն, պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն և արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին:
ԱԳ նախարար է նշանակվել նախագահական «Վերածնունդ» կուսակցության գլխավոր քարտուղար և ներկայիս վարչապետ Ատտալի նախկին ամուսին Ստեֆան Սեժուրնեն, ով փոխարինել է Կատրին Կոլոննային: Նիկոլա Սարկոզիի օրոք արդարադատության նախկին նախարար աշխատած Ռաշիդա Դաթին նշանակվել է մշակույթի նախարար՝ Ռիմա Աբդուլ-Մալաքի փոխարեն: