Հունվարի 3-ի առավոտյան հրապարակվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Egemen Qazaqstan թերթին տված ծավալուն հարցազրույցը, որտեղ նախագահը խոսել է 2022 թվականի հունվարյան իրադարձություններին ՀԱՊԿ խաղաղապահ դերի մասին։
Հարցին, թե Ռուսաստանում շատ են խոսում Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ իրենց «փրկարար» դերի մասին, Ղազապստանի նախագահը պատասխանել է, որ իրենք դիմել են, ոչ թե Ռուսաստանին, այլ ՀԱՊԿ-ին։
Մարզերում քաոսի և փաստացի անիշխանության պայմաններում անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել դիմել ՀԱՊԿ-ին՝ խաղաղապահ զորախումբ մտցնել մեր երկիր կայունության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ժամկետով: Ընդգծում եմ՝ դիմումը եղել է ոչ թե Ռուսաստանին, այլ ՀԱՊԿ-ին, որի անդամ է նաև Ղազախստանը։
Դիմելու պահին կազմակերպության նախագահը Հայաստանն էր, իսկ այս տարի նախագահությունն անցավ Ղազախստանին: ՀԱՊԿ զորակազմն իսկապես խաղաղապահ էր և զսպող գործոնի դեր խաղաց այդ ողբերգական օրերին։
Ըստ Տոկաևի՝ կազմակերպության անդամ երկրների հետ պայմանավորվածության համաձայն՝ զորախումբը լքել է երկիրը առանց որևէ նախապայմանի, այն էլ՝ ժամանակից շուտ։
«ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը չի մասնակցել հակաահաբեկչական գործողությանը և ոչ մի կրակոց չի արձակել ։
Հայկական ջոկատը հսկում էր «Ակսայ» հացի գործարանը և «Ալմաթիի ջրեր» օբյեկտը, բելառուսական ջոկատը հսկում էր Ժետիգենի օդանավակայանը, Տաջիկստանի և Ղրղստանի զինծառայողները հսկում էին Ալմաթիի առաջին և երկրորդ ՋԷԿ-երը, ռուսական ջոկատը հսկում էր երրորդ ՋԷԿ-ը և հեռահաղորդակցության օբյեկտները։ Կարևոր օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումների սպառնալիք էր առաջացել։ Այդ պատճառով նրանց պահպանության համար խաղաղապահ ուժեր են ուղարկվել։ Ամենակարևորը, դա մեզ հնարավորություն տվեց մոբիլիզացնել մեր ուժերը հակաահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ,- ասել է Ղազախստանի նախագահը։