Մենք կշարունակենք հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն սկսվել է Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ լիարժեք համակարգմամբ՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ Այս մասին երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Թուրք նախարարի խոսքով՝ մի շարք երրորդ երկրների կողմից 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ համառորեն մեղադրանքներ առաջադրելու փորձերը կխաթարեն կարգավորման գործընթացը։
«Այդ երկրները լավ բան չեն անում Հայաստանի համար։ «3+3» հարթակը, որը մենք ղեկավարում ենք Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում, առաջին անգամ հանդիպում անցկացրեց Թեհրանում՝ նախարարների մակարդակով։ Հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում 2024 թվականին»,- նշել է նա։
Ֆիդանը հավելել է, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու պատմական շանս կա։ Նա նշել է, որ Թուրքիան գոհ է երկու երկրների միջև ավելի մեծ վստահության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերից և հույս ունի, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի որքան հնարավոր է շուտ։