Եվրամիությունը Թուրքիային դիտարկում է որպես մրցակից, այլ ոչ թե գործընկեր, Բրյուսելը հուսադրող քայլեր չի ձեռնարկում Անկարայի նկատմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք վճռական ենք առաջ մղելու Եվրամիության հետ ինտեգրման գործընթացը: Այնուամենայնիվ, դրա համար անհրաժեշտ է Միության կամքը: Շատ կարևոր է, որ Եվրամիությունը հաղթահարի ռազմավարական տեսլականի և ողջախոհության բացակայությունը, որը պայմանավորված է նեղ շահախնդրական հաշվարկներով: Ցավոք, Եվրամիությունը քայլեր չի ձեռնարկում Թուրքիայի նկատմամբ, այն հուսադրող քայլերը, որոնք ձեռնարկում է այլ թեկնածու երկրների նկատմամբ»,- հինգշաբթի օրը խորհրդարանում ունեցած ելույթում ասել է Ֆիդանը:
Նրա խոսքով՝ եթե ԵՄ-ն կոնկրետ քայլեր ձեռնարկի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացն ակտիվացնելու համար, դա նոր հնարավորություններ կստեղծի երկու կողմերի համար։
«Սակայն այն փաստը, որ Եվրամիությունը Թուրքիային դիտարկում է որպես մրցակից, այլ ոչ թե գործընկեր, և որ ՆԱՏՕ-ի մեր որոշ դաշնակիցներ հաշվի չեն առնում մեր անվտանգության նկատառումները, ստիպում է մեր երկրին զարգացնել ավելի շատ կարողություններ և այլընտրանքային ռազմավարություններ»,- ընդգծել է նա։