Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը, որպես Իսրայելի և պաղեստինյան «Համաս» արմատական շարժման միջև բանակցություններում միջնորդ երկրներ, մոտ են Գազայի հատվածում հրադադարը երկարաձգելու համաձայնությանը։ Այս մասին գրել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության ուժերի աղբյուրներին։
Կողմերը դեռ քննարկում են, թե որքան ժամանակ պետք է երկարաձգվի պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը և մարդասիրական հրադադարը։
Ամերիկյան The Wall Street Journal թերթն իր հերթին պնդում է, որ կողմերը նախատեսում են երկարաձգել զինադադարը ևս չորս օրով։ Ներկայումս բանակցություններ են ընթանում առնվազն 20 իսրայելցի պատանդի՝ կանանց և անչափահասների ազատ արձակման համար՝ իսրայելական բանտերից պաղեստինցի բանտարկյալներին ազատելու և Գազա ավելի շատ մարդասիրական օգնություն մատակարարելու դիմաց: