ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Հայաստանի ընդդիմությունը ժամանակին դիմել է Մոսկվային՝ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում աջակցություն ստանալու համար։
Զատուլինը, մասնավորապես, հայտարարել է, որ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ընդդիմությունը դիմել է Ռուսաստանին և խնդրել ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցել իրենց, սակայն ռուսական կողմը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ եթե հայկական ընդդիմությունը գա իշխանության, կարող է հրաժարվել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից։
«Մոսկվան կարծում էր՝ փաստաթղթից հրաժարվելը կարող է նոր պատերազմ հրահրել, չէր ցանկանա խառնվել դրա մեջ։ Մենք ասացինք՝ ոչ մի կերպ։ Եթե Փաշինյանը ստորագրել է 2020թ․ նոյեմբերի 9-ին Ղարաբաղում պատերազմի ավարտի այս հայտարարությունը։ Եթե նա պաշտոնանկ արվի, նորից ռազմական գործողություններ կսկսվեն, մենք կներգրավվենք, մեզ կներքաշեն, իսկ մենք չենք ուզում, մենք մեր գործերն ունենք․ այնպես որ, ձեռք մի տվեք նրան», - պատմել է Զատուլինը։
Զատուլինը նաև հավելել է, որ «Այսօր ԼՂ-ում ոչ մի հայ չկա, հարյուր հազար մարդ հետ է քաշվել ու գնացել։ Այս տեղահանությունն իրականացվել է Ադրբեջանի գործողությունների ազդեցության տակ, որի հետ մենք չենք վիճել այս հարցում՝ ստանձնելով խաղաղապահ գործառույթներ»։