Ուկրաինական «Нафтогаз» ընկերությունը չի երկարաձգի «Գազպրոմի» հետ ռուսական գազի՝ Եվրոպա տարանցման պայմանագիրը։ Այս մասին ընկերության ղեկավար Ալեքսեյ Չերնիշովը հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024թ․ ավարտը։
Չերնիշովը նշել է, որ Ուկրաինան մինչ օրս շարունակում է տարանցիկ փոխադրումներ կատարել՝ աջակցելու եվրոպացի գործընկերներին, ովքեր դրա կարիքն ունեն։ Նրա խոսքով՝ երկիրը ցանկացած պահի պատրաստ է վաղաժամկետ խզել պայմանագիրը, սակայն այս դեպքում Եվրոպան կկորցնի մատակարարումները։ Եվրամիությունը, սակայն, հայտարարել է, որ նախատեսում է մինչև 2027թ․ ամբողջությամբ դադարեցնել ռուսական գազի սպառումը, և Ուկրաինան շահագրգռված է դրանում աջակցել ԵՄ-ին։
Ալեքսեյ Չերնիշովի խոսքով՝ Ուկրաինան բնական գազի պաշարներով երրորդ տեղն է զբաղեցնում Եվրոպայում և ծրագրում է ավելացնել արտադրությունը՝ առաջիկա տարիներին զուտ արտահանող դառնալու համար։