Միջազգային

«Մերձավոր Արևելքի ողբերգության հետևում կանգնած է ԱՄՆ-ն»․ Պուտին

«Մերձավոր Արևելքի ողբերգության հետևում կանգնած է ԱՄՆ-ն»․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ և նշել Ռուսաստանի հասարակությանը դրսից ապակայունացնելու և պառակտելու փորձերի մասին, այդ թվում՝ բարդ տեխնոլոգիաների օգնությամբ. Պուտինն ասել է, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում օգտագործվում է «աշխարհաքաղաքական խամաճիկների» կողմից՝ եսասիրական նպատակներով։ 

«Ոչինչ չի կարող արդարացնել Գազայում հարյուր հազարավոր անմեղ քաղաքացիների ռմբակոծությունը։ Միացյալ Նահանգները և նրա արբանյակներն «արյան վարձք» են կորզում Մերձավոր Արևելքի հակամարտությունից։ ԱՄՆ-ն թուլանում և կորցնում է իր դիրքերը, «ամերիկյան ոճը» դառնում է անցյալ»,- նշել է Պուտինը։ 

ՌԴ նախագահի խոսքով՝ չի կարելի առաջնորդվել զգացմունքներով, պետք է իրատեսորեն գնահատել, թե ով է կանգնած Մերձավոր Արևելքի ողբերգության հետևում՝ ԱՄՆ-ն և նրա արբանյակները։  Նա նշել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է երկարացնել իր գլոբալ բռնապետությունը և ակնկալում է ապակայունացնել Ռուսաստանի Դաշնությունը և մյուս մրցակիցներին քաոսի միջոցով։ 

«ԱՄՆ իշխող էլիտան են Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և աշխարհի այլ տարածաշրջանների հակամարտությունների հետևում։ Միացյալ Նահանգներին պետք չէ տևական խաղաղություն Սուրբ Երկրում։ Արևմուտքը մերժում է Գազայի հատվածում կրակն անհապաղ դադարեցնելու փորձերը, նույնիսկ ՄԱԿ-ի դիրքերը ենթարկվում են հարձակման և հալածանքի»,- ասել է նա։ 

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը բազմաբևեռ աշխարհի կառուցման արդար գործընթացի առաջատարներից է և դրա համար պայքարում է մարտի դաշտում, իսկ ԱՄՆ-ն ցանկանում է ներսից պառակտել Ռուսաստանը, թուլացնել և խառնաշփոթ սերմանել։  Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն հիմար մարդկանց է օգտագործում Ուկրաինայի տարածքում։ 

Պուտինը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին կոշտ, ժամանակին միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու Ռուսաստանի Դաշնության սահմանադրական համակարգը, քաղաքացիների իրավունքները և միջկրոնական ներդաշնակությունը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական