Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ուրբաթ օրը հայտարարել է, որ Մոլդովան կարող է միանալ ԵՄ-ին:
Նա անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել էր, որ Մոլդովայի իշխանությունները մտադիր են Մերձդնեստրի հակամարտության լուծումը գտնել Եվրամիության մասնակցությամբ․
«Մոլդովայի համար իդեալական ճանապարհը Եվրամիությանն ամբողջությամբ անդամակցելն է։ Այսինքն՝ և՛ աջ, և՛ ձախ ափերը։ Եթե դա այս կամ այն պատճառով հնարավոր չլինի, կա ևս մեկ տարբերակ, որով Եվրամիությանը նախ ինտեգրվում է աջ ափը, հետո՝ ձախ ափը», - ասել է նա:
Նրա խոսքով՝ մերձդնեստրյան հակամարտությունը առաջացել է այն պատճառով, որ Մոսկվան աջակցել է անջատողական ռեժիմին, և այդ աջակցությունը տարիներ շարունակ պահպանում է այդ անջատողական ռեժիմը․ «Ակնհայտ է, որ շատ անարդար է, որ Դնեստրի աջ և ձախ ափերից մարդկանց խանգարում են ազատ տեղաշարժվել։ Այս ամենը դատապարտելի է, և որոշումը պարզ է՝ ազատվել այս անջատողական ռեժիմից․ այդ ժամանակ մենք կկարողանանք վերաինտեգրել մեր երկիրը», - ասել է նա։
Մոլդովայի ղեկավարը նշել է, որ «գոյություն ունի խաղաղապահ առաքելության մասին համաձայնագիր, սակայն չկա ռազմական կոնտինգենտի տեղակայման մասին համաձայնագիր»: