Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 24-ի՝ ՄԱԿ-ի օրվա և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ստեղծման 78-րդ տարեդարձի օրվա ուղերձում նշել է, որ միջազգային հանրությունն ի վիճակի չէ համարժեք կերպով հակահարված տալ Իսրայելի վարչակազմի անօրինական և անսանձ հարձակումներին խաղաղ բնակչության վրա:
Նշելով, որ մարդկությունը բախվում է շատ լուրջ խնդիրների՝ սկսած թեժ հակամարտություններից մինչև կլիմայի փոփոխություն, սովից և աղքատությունից մինչև իսլամաֆոբիա, Էրդողանը հիշեցրել է, որ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում խաղաղ բնակիչների զանգվածային սպանություններ և ավերածություններ են տեղի ունենում՝ հասնելով ցեղասպանության աստիճանի։
«Թուրքիան ՄԱԿ-ի ընդհանուր բյուջեում ամենամեծ ներդրումն ունեցող 20 երկրների թվում է, ինչպես նաև կարևոր քայլեր է ձեռնարկել Ստամբուլը վերածելու ՄԱԿ-ի կենտրոններից մեկի։ Ստամբուլում տեղակայված են ՄԱԿ-ի տարբեր կազմակերպությունների և գործակալությունների տարածաշրջանային կենտրոնակայանները։
Սակայն վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ հիշեցրին մեզ ՄԱԿ-ի բարեփոխման անհրաժեշտության մասին։ Միջազգային հանրության ընդհանուր և արդարացված ակնկալիքն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ազատվի սահմանափակ թվով երկրների գերիշխանությունից և դառնա ավելի ներկայացուցչական, ժողովրդավարական և արդյունավետ: Թուրքիան կշարունակի նպաստել ավելի արդար աշխարհակարգի հաստատմանն ուղղված ջանքերին՝ հիմնվելով այն ըմբռնման վրա, որ աշխարհն ավելին է, քան հինգ երկիր»,- ասել է նախագահը։