Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հայտարարել է, որ Ջիդայում տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գործադիր կոմիտեի արտահերթ նիստն ակնհայտորեն ցույց է տվել իսլամական աշխարհի վճռականությունը, համերաշխությունը պաղեստինցի ժողովրդին։
«Հեռախոսազրույցներ ենք ունեցել 18 ղեկավարների հետ՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Եգիպտոսի իշխանությունների հետ համագործակցելով՝ մենք 3 ինքնաթիռ հումանիտար օգնություն ենք հասցրել տարածաշրջան և շարունակում ենք օգնության ձեռք մեկնել Գազայի ճնշված ժողովրդին, որն արդեն 17 տարի շրջափակման մեջ է ապրում։
Այնուամենայնիվ, հանգստություն ապահովելու մեր ջանքերը խաթարվում են այնպիսի քայլերով, ինչպիսիք են տարածաշրջան ավիակիրներ ուղարկելը, պաղեստինցի ժողովրդին օգնությունից զրկելը: Գնալով անարդյունավետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հերթական անգամ ձախողեց իր պարտականությունները: Արևմտյան երկրները, որոնք այդքան խոսում են մարդու իրավունքներից և ազատություններից, կրակի վրա յուղ լցնելուց բացի այլ քայլեր չեն ձեռնարկել: Միջազգային լրատվամիջոցներն իրենց կողմնակալ ու կեղծավոր հրապարակումներով գործնականում միացել են մարդկային ջարդերն արդարացնելու մրցավազքին»,- նշել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Ալ Ահլի հիվանդանոցի վրա տեղի ունեցած սարսափելի հարձակման արդյունքում Գազայի կոտորածն այլ հարթություն է մտել:
«Ես դատապարտում եմ նրանց, ովքեր իրականացրել են այս հարձակումը։ Սա հանցագործություն է մարդկության դեմ և Գազայի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է։ Նրանք, ովքեր հոկտեմբերի 7-ից սկսած իրենց հայտարարություններով յուղ են լցրել կրակի վրա, ինչպես իրենք՝ հանցագործները, նույնքան պատասխանատվություն են կրում երեկվա ջարդի համար, որը կոտրում է մեր սրտերը»,- նշել է Թուրքիայի նախագահը։