Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար Աարոն Խալիվան ասել է, որ իսրայելական հետախուզությունը չի կարողացել կանխել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներխուժումը: Նա իր վրա է վերցրել հարձակման պատասխանատվությունը, հայտնում է Times of Israel-ը։
«Իմ հրամանատարությամբ Իսրայելի ռազմական հետախուզությունը չկարողացավ նախազգուշացնել ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված ահաբեկչության մասին։ Մենք ձախողեցինք մեր հիմնական խնդիրը, և, որպես ռազմական հետախուզության վարչության պետ՝ ես կրում եմ կատարվածի ողջ պատասխանատվությունը»,- ասել է Աարոն Խալիվան։
Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը խոստացել է, որ գերատեսչությունն անհրաժեշտ հետաքննություն կանցկացնի։
Նախօրեին Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության (Շաբակ) ղեկավար Ռոնեն Բարն ստանձնել էր ՀԱՄԱՍ-ի հարձակումը թույլ տալու պատասխանատվությունը։ Նրա խոսքով՝ չնայած կանխարգելիչ միջոցառումներին, ծառայությունը չի կարողացել պայմաններ ապահովել հարձակումը կանխելու համար։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին խոստովանել էր, որ իսրայելցի զինվորականները հետախուզական ազդանշաններ են ստացել զինյալների հնարավոր հարձակման մասին, սակայն, նրա խոսքով, հարձակման մասին ստույգ տեղեկություններ չեն եղել։
Ինչպես հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով իսրայելական անվտանգության չորս բարձրաստիճան պաշտոնյաների, իսրայելական հետախուզությունը չի կարողացել հետևել ՀԱՄԱՍ-ի հիմնական կապի ուղիներին, բայց միևնույն ժամանակ՝ անհարկի վստահություն է հայտնել ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդների՝ «մասնավոր ուղիներով» արված հայտարարություններին, որ հարձակում չի նախապատրաստվում։