Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին Ղրղզստանում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ռուս խաղաղապահների թեման։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
ՌԴ նախագահի օգնականը նաև վստահեցրել է, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեր մասնակցել Ղրղզստանում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ապա նրա հետ երկկողմ հանդիպում կկազմակերպվեր։ «Այստեղ մենք պայմանավորվել ենք կապ հաստատել Ալիևի հետ, քանի որ նա ներկա է լինելու, եթե Փաշինյանը գար, ես 100 տոկոսանոց երաշխիք եմ տալիս, որ նրա հետ հանդիպում կկազմակերպվեր»,- վստահեցրել է Ուշակովը։ Նա չի պարզաբանել պատճառները, թե ինչու է Փաշինյանը որոշել չգալ Բիշքեկ։ «Մենք գիտենք, բայց նա, հավանաբար, ինքը ինչ-որ կերպ կբացատրի իր չմասնակցության հարցը»,- հավելել է Ուշակովը։
«Վերջերս մեր նախագահն ու Փաշինյանը հեռախոսազրույց ունեցան։ Նրանք ուղղակիորեն զրուցել են Պուտինի ծննդյան օրը, բայց եղել են նաև բովանդակային պահեր։ Բնականաբար, շփումները կշարունակվեն, քննարկելու շատ բան կա», - նշել է Ուշակովը։