Սերբիայի երեք քաղաքացի, որոնց Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում հարցաքննել էին «Եվրամայդանի նախապատրաստման» գործով, լքել են Վրաստանը և մեկնել Բելգրադ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՊԱԾ ներկայացուցիչ Խվիչա Բեգիաշվիլին։
Վրաստանի հատուկ ծառայության տեղեկատվության համաձայն՝ Սինիշա Սիկմանը, Ելենա Ստոյսիչը և Սլոբոդան Ջինովիչը սեպտեմբերի 26-29-ը Թբիլիսիի «Իբիս» հյուրանոցում դասընթաց են անցկացրել այն հկ-ների և ակտիվիստների համար, որոնք «պետք է վճռորոշ դեր խաղան իշխանության բռնի տապալման գործընթացների նախապատրաստման և իրականացման գործում»:
Անվտանգության ծառայությունում նշել են, որ Սերբիայի քաղաքացիները՝ «Կանվաս» (CANVAS - Կիրառական ոչ բռնի գործողությունների և ռազմավարությունների կենտրոն») հկ-ի անդամները Վրաստան են ժամանել USAID–ի «Արևելք-Արևմուտք» կառավարման ինստիտուտի նախագծի հրավերով: Նրանց ոչ մի պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել։
ՊԱԾ-ը հրապարակել է վերապատրաստման ընթացքում նկարահանված տեսանյութը։ Գերատեսչությունում պնդում են, որ նյութը ձեռք է բերվել գաղտնի քննչական գործողության արդյունքում, որն իրականացվել է դատավորի որոշմամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում հայտարարել էին, որ Վրաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս գործող մի խումբ անձինք ծրագրում են ընթացիկ տարվա հոկտեմբեր-դեկտեմբերին երկրում ապակայունացում և քաղաքացիական անկարգություններ կազմակերպել, որոնց վերջնական նպատակը բռնության միջոցով իշխանափոխությունն է: ՊԱԾ-ում հայտարարել են, որ «հեղափոխական սցենարի» իրականացման համար նախատեսվում է օգտագործել CANVAS կազմակերպությունը, որը ստեղծվել է սերբական «Հակահարված» երիտասարդական շարժման նախկին առաջնորդների կողմից:
Վրացական հատուկ ծառայությունում պնդում են, որ «հեղափոխական սցենարի» հեղինակներն են Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությունում ներքին գործերի նախկին փոխնախարար, այժմ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Գեորգի Լորտկիպանիձեն, Սահակաշվիլիի նախկին թիկնապահ Միխայիլ Բատուրինը, ինչպես նաև Ուկրաինայում գործող «վրացական լեգեոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին: