Միջազգային

«Ղարաբաղի հայերը զանգվածաբար գաղթում են Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով». Պետեր Ստանո

«Ղարաբաղի հայերը զանգվածաբար գաղթում են Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով». Պետեր Ստանո


ԵՄ արտաքին քաղաքականության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայության բռնագաղթին և Ադրբեջանի գործողություններին՝ միաժամանակ կարևորելով նրանց ինտեգրացիան Ադրբեջանի կազմում․

«Սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողության և Լաչինի միջանցքի՝ նախորդ ամիսների խցանման հետևանքով այս պահին տեղի է ունենում ղարաբաղահայերի զանգվածային արտագաղթ։ Մարդիկ լքում են իրենց տները Լեռնային Ղարաբաղում և ապաստան գտնում Հայաստանում։ Պետք է շարունակական անխոչընդոտ մարդասիրական աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր դեռ կարիքի մեջ են Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են։ Եվրամիությունը աջակցում է «Կարմիր խաչ»–ի աշխատանքին, որը նպաստում է վիրավորների, ինչպես նաև հիվանդների շտապ տարհանմանը և տեղում շտապ օգնության տրամադրմանը:

Եվրահանձնաժողովը հայտարարեց 5 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնության լրացուցիչ փաթեթի մասին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածներին և Ղարաբաղում խոցելի իրավիճակում հայտնվածներին: ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել։

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում՝ ապահովելու ղարաբաղցի հայերի իրավունքները և անվտանգությունը, ներառյալ՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում արժանապատիվ ապրելու, ինչպես նաև տեղահանվածների վերադարձի իրավունքը։ Կարևոր է, որ ՄԱԿ-ի առաքելությունը կարողանա մուտք գործել տարածք հաջորդ օրերի ընթացքում: Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների կողմից հատուկ հարթակի միջոցով հայ բնակիչների գրանցման գործընթացի մեկնարկի մասին հայտարարված փաստը։ ԵՄ-ն կշարունակի ուշադիր հետևել տեղի զարգացումներին»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական