Միջազգային

«Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում»․ Լավրով

«Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում»․ Լավրով

Հայաստանում կա հզոր արևմտամետ լոբբի, որն աշխատում է խաթարել Ռուսաստանի ազդեցությունը, հակառուսական տրամադրություններն արհեստականորեն սրվում են նրանց կողմից։ Այս մասին ՄԱԿ ԳԱ նիստի ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում, իսկ ԵՄ-ն և ԱՄՆ-ն ապակայունացում են բերում Հարավային Կովկաս՝ փորձելով իրենց «միջնորդական ծառայությունները» պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին։ 

«Երբ ԵՄ հովանու ներքո Փաշինյանն ու Ալիևը ստորագրել էին միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստաթուղթը, ինչը նշանակում էր, որ Ղարաբաղն Ադրբեջան է, մոռացել էին նշել, որ անհրաժեշտ է ապահովել ղարաբաղցիների իրավունքները:

Երբ հայ հասարակության մեջ քննարկումներ սկսվեցին, թե ով ում է տվել Ղարաբաղը, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Պուտինն է Ղարաբաղն Ադրբեջանին տվել դեռ 2020 թ․։ Սակայն եռակողմ համաձայնագրում ասվում էր, որ Ղարաբաղը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և ենթադրվում էր, որ կարգավիճակի հարցի լուծումը հետաձգվելու է»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ այժմ ՌԴ խաղաղապահները հեշտացնում են շփումները Ղարաբաղի ներկայացուցիչների և Ադրբեջանի պաշտոնյաների միջև։ Նրանց դերը կարևոր է վստահության ամրապնդման համար․ «Որքա՞ն կմնան, քանի՞ հոգով, սա այն հարցն է, որը կորոշվի տեղում»։ 

Լավրովը նաև հույս է հայտնել, որ հայ ժողովուրդը իր ապագան տեսնում է բարեկամ երկրների կողքին։ 

«Մենք խորապես համոզված ենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը և իր պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների հետ, առաջին հերթին՝ այս տարածաշրջանի, այլ ոչ թե «արտերկից» եկածների»,- նշել է նա։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական