ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարողացել է հավաքել ավելի քան 72 միլիոն դոլար իր քարոզարշավի համար, ինչը մի քանի անգամ ավելի է, քան իր հանրապետական մրցակիցներից որևէ մեկինը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալները։
Ամերիկացի նախկին առաջնորդը մինչև հուլիսի վերջ հավաքել է 72,6 միլիոն դոլար նվիրատվություն, որից 61 միլիոնը ստացել է 2022 թվականի նոյեմբերին նախագահական մրցարշավին իր մասնակցության մասին հայտարարելուց հետո։ Միևնույն ժամանակ, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը մինչ այժմ կարողացել է հավաքել ընդամենը մոտ 17,2 միլիոն դոլար, իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին՝ 13,9 միլիոն դոլար։