Մոսկվան բաց է ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական լուծման համար և պատրաստ է արձագանքել լուրջ առաջարկներին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բարձր է գնահատում խաղաղության հասնելուն ուղղված միջնորդությունը և մարդասիրական նախաձեռնությունները։
«Մենք միշտ բաց ենք եղել և հիմա էլ բաց ենք ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական լուծման համար և պատրաստ ենք արձագանքել իսկապես լուրջ առաջարկներին»,- ասել է Զախարովան բրազիլական «Brasil de Fato» լրատվական գործակալությանը՝ մատնանշելով, որ Ուկրաինայի իշխանություններն ընդհատել և արգելել են բանակցությունները Մոսկվայի հետ։
Նա հավելել է, որ բանակցային գործընթաց սկսելու համար երեք քայլ պետք է արվի. «Արևմուտքը պետք է դադարեցնի Ուկրաինային զենք մատակարարել, Կիևը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները և դուրս բերի իր զորքերը Ռուսաստանի տարածքից»։
Զախարվան նշել է, որ Ուկրաինայի ապագան կախված կլինի նրանից, թե որքան արագ Ուկրաինան և Արևմուտքը կհասկանան, որ Ռուսաստանը չի հանդուրժի իր սահմաններում «բաց հակառուսական պետության գոյությունը»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման, դրա չեզոքության և անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը, որի վրա աշխատել են 2022 թվականի փետրվար-ապրիլին, մնում է արդիական։