Դեյր-էզ-Զոր և Հասեքա նահանգներում գտնվող ամերիկյան երեք ռազմաբազաներ հրթիռակոծության են ենթարկվել արաբական ցեղերի զինյալների կողմից, որոնք գործում են Սիրիայի արևելքում ամերիկյան զորքերի դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Fars News գործակալության տարածած հայտարարությանը։
Հինգ հրթիռ խոցել են ամերիկյան ուժերի դիրքերը Կոնիկո գազային հանքավայրի տարածքում, ևս չորսը պայթել են Էլ–Օմար նավթային հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան բազայում։ Առնվազն մեկ հրթիռ հարվածել է Էշ–Շադդադի բազայի աերոդրոմին։
Ականատեսների վկայությամբ՝ Կոնիկոյից թանձր ծուխ է բարձրանում երկինք։ Լսվում են շտապօգնության մեքենաների ազդանշաններ, տարածքում ուղղաթիռ է պտտվում։ Բաղդադում ամերիկյան ռազմական հրամանատարության ներկայացուցիչը դեռ չի հաստատել բազաների վրա հարձակումների մասին տեղեկությունները։
Սիրիացի զինյալներն իրենց հայտարարության մեջ խոստացել են, որ «կշարունակեն ոչնչացնել ամերիկյան զորքերի հենակետերը, որտեղ էլ որ նրանք լինեն, մինչև սիրիական ողջ հողը մաքրվի օկուպանտներից»: