Կիևում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը պետք է ավելի զուսպ լինի Ռուսաստանի մասին իր հայտարարություններում, կարծում է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։ Telegram-ի իր ալիքում նա նշել է, որ Բաքուն շարունակում է բարեկամ երկիր լինել Մոսկվայի համար։
Դիվանագիտական հրապարակայնության նկատմամբ ամենայն մասնագիտական հարգանքով հանդերձ՝ Ուկրաինայում բարեկամ Ադրբեջանի դեսպան Մարդալիևին խորհուրդ կտայի ավելի զուսպ լինել «ռուսական ագրեսիայի» մասին իր հայտարարություններում։ Նրա՝ «Ուկրաինային ֆինանսական, հումանիտար և այլ օգնության քաղաքական պարտավորությունների» մասին տեղեկությունը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի»,- գրել է Կարասինը։
Ռուսաստանի «ագրեսիայի» մասին Մարդալիեւի հայտարարություններն ուկրաինական լրատվամիջոցներում հայտնվել են օգոստոսի 11-ին, գրում է Gazeta.ru–ն։ Նրա խոսքով՝ Բաքուն աջակցում է Կիևին և պատրաստ է ամեն կերպ օգնել նրան։ Նա նշել է, որ Ադրբեջանը քաղաքական պարտավորություններ է ստանձնել՝ աջակցելու Ուկրաինային։
«Մենք ցանկանում ենք մեր հիացմունքն արտահայտել Ռուսաստանի Դաշնության ագրեսիային հակահարված տալու ձեր տոկունության և քաջության համար։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք մեծացնել Ուկրաինային տրվելիք օգնության փաթեթի չափը, այդ թվում՝ մարդասիրական ականազերծման հարցում»,- ընդգծել է Մարդալիևը։