ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Ստեփանակերտի և Բաքվի երկխոսության հնարավորությանը։
«Մենք աջակցում ենք Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկին»,- ասել է նա՝ պատասխանելով Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների՝ Եվլախում հանդիպելու հնարավորության մասին հարցին։
«Այս թեման շահագրգիռ կողմերի հետ մեր շփումների օրակարգում է։ Ռուս խաղաղապահները նախկինում օգնել են երկու պատվիրակությունների հանդիպումների կազմակերպմանը և պատրաստ են շարունակել անհրաժեշտ օգնություն ցուցաբերել դրան»,- ասել է Զախարովան։
Նա պնդել է, որ Ռուսաստանը նախապայմաններ չի առաջադրում, ջանք ու եռանդով աշխատում է կողմերի մոտեցումները մերձեցնելու ուղղությամբ, որոնք «ներկայումս լրջորեն տարբերվում են՝ Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի ֆոնին»։
Խոսելով Լաչինի միջանցքի փակման հետևանքների մասին՝ Զախարովան կրկին ընդգծել է միջանցքի ապաշրջափակման և տեղի բնակչության կենսագործունեության համար նորմալ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը. «Իհարկե, շատ բան կախված է փոխզիջումների գնալու քաղաքական կամքից, ինչի շուրջ էլ աշխատում ենք կողմերի հետ»։