Միջազգային

Ի՞նչ է կատարվում Նիգերում. ռազմական հեղաշրջում ծանո՞թ սցենարով

Ի՞նչ է կատարվում Նիգերում. ռազմական հեղաշրջում ծանո՞թ սցենարով

Նիգերը երկար ժամանակ համարվում էր աֆրիկյան Սահելի շրջանում կայունության վերջին բաստիոնը։ 2021թ. երկրում հաջողությամբ տեղի էին ունեցել ժողովրդավարական ընտրություններ, որոնց արդյունքում երկրում իշխանափոխություն էր տեղի ունեցել՝ իշխանության բերելով Մոհամեդ Բազումին։ Այդ ընթացքում հարևանությամբ՝ Մալիում և Բուրկինա Ֆասոյում տեղի էր ունեցել չորս ռազմական հեղաշրջում, իսկ Նիգերում բռնի իշխանափոխության փորձը անհաջողության էր մատնվել։

Սակայն 2023թ. իրավիճակը արմատապես փոխվել է. հուլիսի 26-ին նախագահական գվարդիայի անդամները շրջափակել են նախագահի պալատը՝ ձերբակալելով նախագահ Մոհամեդ Բազումին։ Այս գործողությունները աջակցություն են գտել նաև երկրի ռազմական ղեկավարության շրջանում, որոնք պաշտոնական հաղորդագրություն են տարածել՝ աջակցություն հայտնելով ապստամբներին։ Ֆրանսիական լրատվականները, հղում անելով Նիգերի արտգործնախարարին, նշել են, որ ապստամբությունը երկրի ռազմաքաղաքական ոչ բոլոր շրջանակների վստահությունն է վայելում։ 

Այս գործողություններից հետո Արևմտյան Աֆրիկայի երկրների ղեկավարները հայտարարել են, որ Նիգերում իշխանությունը զավթած ռազմական խունտան պետք է յոթ օրվա ընթացքում պաշտոնում վերականգնի օրինականորեն ընտրված նախագահ Մոհամեդ Բազումին: Հակառակ դեպքում՝ նրանք սպառնում են ռազմական ուժ կիրառել։

Նիգերի հեղաշրջումը խստորեն դատապարտել են նաև բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Աֆրիկյան միությունը, Արևմտյան Աֆրիկայի տարածաշրջանային բլոկը (Ecowas), ԵՄ-ն և ՄԱԿ-ը: Հինգշաբթի օրվանից սկսած՝ տապալված նախագահի մասին լուր չի հաղորդվում, սակայն ԵՄ-ն, Ֆրանսիան և այլ երկրներ հայտարարություններ են տարածել՝ շարունակելով Բազումին համարել Նիգերի օրինական առաջնորդ։

Անցումային խորհրդի ղեկավարի պաշտոնում իր առաջին ելույթում գեներալ Օմար Չիանին քննադատել է Նիգերիայի նախորդ կառավարության անբավարար գործակցությունը Մալիի և Բուրկինա Ֆասոյի ռազմական խունտաների հետ՝ Սահելի շրջանում իսլամիստ ապստամբների դեմ պայքարում: Սա հատկանշական է նրանով, որ հեղաշրջման մեջ շատերը տեսնում են ռուսական հետք, որը աջակցել էր Մալիում և Բուրկինա Ֆասոյում տեղի ունեցած հեղաշրջումներին։ Այս ամենի ֆոնին հեղաշրջման հարյուրավոր կողմնակիցներ հավաքվել են երկրի մայրաքաղաք Նիամեում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ վանկարկելով՝ «չքվի՛ր, Ֆրանսիա, կեցցե՛ Ռուսաստանը, կեցցե՛ Պուտինը»։

Մտավախություն կա, որ ֆրանսիական նախկին գաղութը ռազմական հեղաշրջումից հետո կարող է շրջվել դեպի Ռուսաստան, ինչպես դա արդեն տեղի է ունեցել Մալիում և Բուրկինա Ֆասոյում իշխանությունը զինվորականների կողմից գրավելուց հետո։

Հատկանշական է, որ պաշտոնական Մոսկվան, սակայն, դատապարտել է Նիգերում զինվորականների կողմից իշխանության զավթումը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «հեղաշրջումը հակասահմանադրական գործողություն է», և Նիգերում «անհրաժեշտ է վերականգնել սահմանադրական կարգը»: Միաժամանակ, ռուսական սոցիալական ցանցերում տարածվել է «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի ձայնով հաղորդագրությունը, որը, ընդհակառակը, խրախուսել է ապստամբներին և հեղաշրջումը անվանել է հաղթանակ:

Նիգերի տապալված նախագահ Մոհամմեդ Բազումը սերտորեն համագործակցել է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ արևմտյան երկրների հետ՝ իսլամիստական խմբավորումների դեմ պայքարում: ԵՄ-ն և Ֆրանսիան հայտարարել են, որ դադարեցնում են Նիգերին ինչպես ֆինանսական բոլոր տեսակի աջակցությունը, այնպես էլ համագործակցությունը անվտանգության ոլորտում:

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը չի ճանաչում և մտադիր չէ ճանաչել ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած Նիգերի նոր կառավարությունը: Մոհամեդ Բազումը, նրա խոսքով, «մնում Է Նիգերի միակ լեգիտիմ նախագահը», որին պետք է անհապաղ ազատ արձակել:

ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը նախօրեին նշել էր, որ պետքարտուղար Բլինքենը ԱՄՆ աջակցությունն էր հայտնել նախագահ Բազումին և դեմոկրատական կառավարությանը։ Ըստ պաշտոնյայի՝ ԱՄՆ-ն հետևում է իրադարձությունների զարգացմանը և ձգտում է կանխել դեմոկրատական ճանապարհով ընտրված նախագահին ապօրինի ձևով հեռացնելու գործողությունը։ Նա զգուշացրել է, որ միլիոնավոր դոլարների ամերիկյան օգնությունը առկախված կլինի՝ կախված իրադարձությունների զարգացումից և ապօրինության ու հակաժողովրդավարության հաղթանակը կխաթարի օգնության հետագա տրամադրումը։

Նշենք, որ Նիգերը զգալի քանակությամբ արևմտյան օգնություն էր ստանում, որպես դաշնակից Սահելի տարածաշրջանն ապակայունացնող ջիհադիստական ապստամբների դեմ պայքարում: Նշենք, որ Սահելը Աֆրիկայի կենտրոնական՝ արևադարձային գոտիներն ընդգրկող տարածաշրջանն է, որն իր մեջ ներառում է 12 երկիր, ներառյալ՝ Մալին, Նիգերը, Բուրկինա Ֆասոն և Չադը, ընդհանուր առմամբ՝ շուրջ 300 միլիոն բնակչությամբ:

Վերջին տարիներին ֆրանսիական զորքերը և ՄԱԿ-ի զորքերը ստիպված են եղել հեռանալ հարևան Մալիից, բայց Ֆրանսիայի1500 զինվոր դեռ գտնվում է Նիգերում: Ըստ փորձագետների՝ Բազումի տապալումը կարող է հանգեցնել նրանց լիակատար դուրսբերմանը և անվտանգության իրավիճակի վատթարացմանը ինչպես Նիգերում, այնպես էլ ողջ տարածաշրջանում:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական