Մեկ ամսից էլ քիչ է մնացել ԱՄՆ-ում Հանրապետական կուսակցության նախընտրական բանավեճին։ Թեպետ թեկնածուները բազմաթիվ են, բայց ոչ բոլորը հնարավորություն կունենան մասնակցելու դրան։
Ներկայումս, ըստ հարցումների, բացարձակ առաջատարը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է։ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանթիսը հետապնդում է նրան, սակայն սովորական ընտրողների աջակցությունը ստանալու հարցում կարծես հայտնվել է փակուղում, ինչն առաջացրել է կուսակցության «իսթեբլիշմենթի» լուրջ անհանգստությունը։
Նյու Յորք Թայմսի վերջին հարցումներով Թրամփը հանրապետականների մրցապայքարում առաջատարն է՝ ավելի քան 54 տոկոսով։ ԴեՍանթիսը վայելում է ընդամենը 17 տոկոսի աջակցությունը։
Թրամփը, փաստացի, կրկնակի առավելություն ունի իրեն ամենամոտը գտնվող մրցակցի նկատմամբ, ինչը իրական է դարձնում վերջնարդյունքում նրա՝ արդեն 3-րդ անգամ անընդմեջ ԱՄՆ Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն լինելու հեռանկարը։ Թրամփի նկատմամբ սովորական ընտրողների աջակցությունը, ի հեճուկս ակնկալիքների, վերջին շրջանում ավելի է ամրապնդվել։ ԱՄՆ հասարակական-քաղաքական, վերլուծական ու փորձագիտական շրջանակների մոտ տպավորություն կար, որ ինչքան նախկին նախագահը հայտնվի քրեական հետապնդումների տակ, այնքան կընկնի ընտրողների աչքում և, ի վերջո, կկորցնի իրեն սատարողների ամուր բազան։ Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Մարդիկ զարմացած են Թրամփի նկատմամբ հարուցված քրեական գործերի քանակից ու քարոզչությունից, որ տարվում է նրա դեմ ոչ միայն Դեմոկրատական կուսակցության, այլև հանրապետականների կողմից։ Ըստ սովորական մարդկանց վկայությունների՝ եթե այդպես են վարվում Թրամփի պես մարդու դեմ, ապա ինչեր կարող են անել մի հասարակ մարդու դեմ։ Ըստ նույն կարծիքի՝ Թրամփը արտահայտում է սովորական բնակչության շահերը՝ ընդդեմ կառավարող դասի։
ԴեՍանթիսը ամերիկյան մամուլի գնահատմամբ հանրապետականների ապագան էր՝ հատկապես նկատի ունենալով նոյեմբերին Ֆլորիդայում նահանգապետի պաշտոնի համար նրա տարած լուրջ հաղթանակը։ Սակայն նրա մոտ առայժմ չստացվեց գրանցել նույն տպավորիչ արդյունքները և նույնպիսի քարոզարշավ վարել համապետական ընտրությունների համար։ Թեպետ ԴեՍանթիսին հաջողվել է ընտրարշավին ներգրավել միլիոնավոր դոլարների նվիրատվություն, և կարծես կազմակերպել քարոզչական թիմը, սակայն համապետական ճակատում լուրջ հաջողություններ առայժմ չկան։
Հանրապետականների միասնական թեկնածուի համար պայքարողներից արժանանշանակ են նաև ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը՝ 3%, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ 3%, Հարավային Կառոլինայից սենատոր Թիմ Սքոթը՝ 3%, գործարար Վիվեկ Ռամաշվավին՝ 2%, Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին՝ 2%։