ԱՄՆ Կոնգրեսում օրերս տեղի է ունեցել հրապարակային քննարկում, որտեղ հնչած տեղեկությունները դարձել են ամերիկյան քաղաքական կյանքում ներկայումս քննարկվող ամենակարևոր հարցը։
Երկկուսակցական հետաքննության արդյունքում օրենսդիր մարմնում անցկացված նիստում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետախուզության նախկին աշխատակից Դեյվիդ Գրուշը սենսացիոն հայտարարություն է արել՝ պնդելով, որ ԱՄՆ կառավարությունը տարիներ ի վեր իրականանցնում է մի գաղտնի ծրագիր, որը զբաղված է չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) հայտնաբերմամբ և ուսումնասիրությամբ։ Կուսակցությունների ներկայացուցիչները Գրուշին հարցրել են ՉԹՕ-ների վերաբերյալ նրա հետաքննության և դրա արդյունքների մասին:
Դեյվիդ Գրուշը Կոնգրեսի վերահսկողության ենթահանձնաժողովում ունեցած վկայության շրջանակներում պնդել է, որ ԱՄՆ կառավարության վերոնշյալ ծրագիրը կոչվում է «Չբացահայտված օդային երևույթներ» (UAP), որը պաշտոնական գրագրության մեջ օգտագործվում է ՉԹՕ-ների փոխարեն. «Իմ պաշտոնական պարտականությունների ընթացքում ես տեղեկացվել եմ UAP-ի վթարի որոնման և ուսումնասիրության՝ մի քանի տասնամյակի ծրագրի մասին, որին ինձ թույլ չեն տվել մասնակից լինել», - ասել է նա: Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ կառավարությունը տիրապետում է այլմոլորակային կյանքի մասին տեղեկատվությանը, Գրուշը պնդել է, որ «ԱՄՆ-ն տեղյակ է եղել ոչ-մարդկային գործունեության մասին հավանաբար դեռևս 1930-ականներից»: Ըստ Գրուշի՝ ԱՄՆ կառավարությունն այս ծրագրի շրջանակներում կարողացել է առգրավել ոչ միայն վթարի ենթարկված կամ լքված ՉԹՕ-ներ, այլ նաև դրանցում առկա «կենսաբանական մատերիալը»։ Հարցին՝ դա ի՞նչ է իրենից ենթադրում, Գրուշն արձագանքել է՝ ՉԹՕ-ների ոչ-երկրային օդաչուների մարմիններն են։
Գրուշը շեշտել է, որ իր բացահայտումներից հետո դարձել է թիրախ՝ բախվելով կառավարության վրեժխնդրությանն ու գերատեսչական հարձակումներին. «Դա շատ դաժան էր և ցավալի, նրանց գործողությունները ինձ վնասեցին թե՛ մասնագիտական առումով, թե՛ անձնապես»։
Նշենք, որ Պենտագոնը հերքել է նրա պնդումները՝ ի հեճուկս նախկին պաշտոնյայի երդմանը։ Խոսնակ Սյու Գոգը հայտնել է, որ քննության ընթացքում չի հայտնաբերվել «որևէ ստուգելի տեղեկատվություն, որը կհիմնավորի պնդումները, թե այլմոլորակային նյութերի տնօրինման կամ ուսումնասիրության հետ կապված որևէ ծրագիր նախկինում կամ ներկայումս առկա է»:
Գրուշի և մի քանի այլ նախկին օդաչուների հայտարարությունները դարձել են լայն քննարկման առարկա, քանի որ սա առաջին դեպքն է, երբ պետական նախկին կամ ներկա պաշտոնյաները երդման տակ նման հայտարարություններ են անում։