Մոսկվայի «Տարվա եղանակները» առևտրի կենտրոնում հուլիսի 22-ին տաք ջրով խողովակ է պայթել։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ դատախազությանը հղումով, միջադեպի հետևանքով չորս կին է մահացել, ևս 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
«Ներկայումս դեպքի վայրում աշխատում են քննիչները։ Պարզվում են դեպքի հանգամանքները։ Ներկայումս մենք ունենք տվյալներ չորս մահացած կանանց մասին», - ասել է Մոսկվայի դատախազության խոսնակ Լյուդմիլա Նեֆեդովան։
Բոլոր մահացածները Globus Gourmet հիպերմարկետի աշխատակիցներ են, արտակարգ իրավիճակի պահին նրանք գտնվել են մինուս առաջին հարկում։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անապահով ծառայությունների մատուցման հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղի ունեցածն անվանել է «խոշոր դժբախտ պատահար» և իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և ընկերներին։