Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսելով հայ-ադրբեջանական բանակցությունների, Մոսկվայի և Վաշինգտոնի մոդերացիայի և Բրյուսելի ֆորմատի, Մինսկի խմբի ու Մադրիդյան սկզբունքների մասին։
Ալիևը, մասնավորապես, ասել է. «Կա երկու բանակցային ուղղություն` Մոսկվայի ու Վաշինգտոնի ձևաչափերը, որտեղ մեր ԱԳ նախարարները, իրենց թիմերը և փորձագետները հանդիպում են ու քննարկում խաղաղության պայմանագրի մանրամասները։ Բրյուսելի ֆորմատը ոչ թե բանակցային, այլ ավելի շատ աջակցային, օգնական ֆորմատ է երկու երկրների ղեկավարների անմիջական հանդիպումների համար։ Այն դեռ աշխատում՝ քիչ, թե շատ հաջող կերպով»։
Խոսելով Մինսկի խմբի մասին՝ Ալիևը ասել է. «Դա ոչ թե ես, այլ նրանք (Մինսկի խմբի անդամները) են անաշխատունակ դարձրել այդ կառույցը։ Աշխարհաքաղաքական բախման արդյունքում «Մինսկի խումբը» վերացավ։ Իսկ դրա վերածնունդը անիրական է ու անընդունելի մեզ համար։ Մենք լսում ենք որոշ շշուկներ, թե այդ կոտրված ծաղկամանը կրկին հավաքելու գաղափարներ կան, բայց դա գործնականում անհնար է, անհնար է նաև մեր համաձայնությամբ»։
Խոսելով Ռուսաստանի դերի ու Ադրբեջանի դիրքավորման մասին՝ Ալիևը հավելել է. «Պատերազմից հետո բանակցությունները առաջ էր մղում Ռուսաստանը, քանի որ ստորագրել էր նոյեմբերի 9/10-ի հայտարարությունը, խաղաղապահներ էր տեղակայել, մեր հարևանն է, մոտ է նաև Հայաստանին։ Դա բնական էր։ Բայց երբ Ռուսաստանը սկսեց ավելի զբաղվել այլ խնդիրներով, մրցակիցները սկսեցին լցնել վակուումը։ Այդ մրցակցության վերջը չեմ կարող ասել՝ ինչ կլինի։ Բայց ինձ համար պարզ է, որ Ադրբեջանը չի լինելու այդ մրցակցության տարածք։ Մինչդեռ Հայաստանը դանդաղորեն վերածվում է այդ մրցակցության տարածքի, ինչը լուրջ խնդիր կառաջացնի»։