ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի երեկոյան, Կալիֆորնիայում քաղաքական դրամահավաքի ժամանակ, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին համեմատել է «բռնապետների» հետ։ Նախօրեին, սակայն, ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենն ասել էր, որ իր վերջին այցը առաջընթաց է բերել Վաշինգտոն-Պեկին խզված հարաբերությունների վերականգնման գործում։
«Պատճառը, թե ինչու Սի Ցզինպինը շատ վրդովվեց, երբ ես խփեցի այդ օդապարիկը, որի մեջ լրտեսական սարքավորումներով լի երկու տուփ էր, այն է, որ նա չգիտեր, որ դրանք այնտեղ են: Ես լուրջ եմ ասում: Դա մեծ ամոթ է բռնապետների համար, երբ նրանք չգիտեին, թե ինչ է տեղի ունենում», - ասել է Բայդենը դրամահավաքի մասնակիցներին՝ նկատի ունենալով չինական լրտեսական օդապարիկը, որը ԱՄՆ-ն ցած իջեցրեց այս տարվա սկզբին: