Միջազգային

«Լաչինի միջանցքը դուրս է Հայաստանում ԵՄ առաքելության պատասխանատվության գոտուց»․ Բորել

«Լաչինի միջանցքը դուրս է Հայաստանում ԵՄ առաքելության պատասխանատվության գոտուց»․ Բորել

Լաչինի միջանցքը դուրս է Հայաստանում ԵՄ առաքելության իրավասության և պատասխանատվության գոտուց։ Այս մասին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ու ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանի քննարկման ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Այդ ուղղությամբ փորձում ենք լուծումներ գտնել։ 2022թ. սեպտեմբերին Հայաստանը, որպես Ռուսաստանի առաջնորդած ՀԱՊԿ-ի անդամ, ռազմական աջակցություն խնդրեց կազմակերպությունից, բայց որևէ օգնություն չստացավ ո'չ Ռուսաստանից, ո'չ ՀԱՊԿ-ից»,- ընդգծել է Բորելը։

Նրա խոսքով՝ անցակետ տեղադրելու Ադրբեջանի միակողմանի որոշումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին։ 

«ԵՄ-ն անում է առավելագույնը, ինչ կարող է։ Ինչ չենք կարող անել, չենք անում։ Եթե գիտեք, թե ինչ կարող ենք անել, ասացեք»,- շեշտել է Բորելը` հակադարձելով ԵՄ անգործության մասին հարցին։ 

Ադրբեջանը վստահելի գործընկեր է, թե ոչ, դա կախված է նրանից` ո՞ր հարցով, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը։ Նա ընդգծել է, որ փորձում են դիվանագիտական լուծումներ գտնել և միակողմանի գնահատականներ չտալ։ «Հակամարտությունը ունի 2 կողմ, պետք է խոսել երկուսի հետ»,- ասել է նա։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ գազային համագործակցության հուշագրի կնքմանը՝ Բորելն ասել է․ «Հուշագիրը կնքվել է` անկախ նրանից, թե Ադրբեջանում մարդու իրավունքները ինչ վիճակում են, ինչ հակամարտություն կա և այլն։ Այս համաձայնությունը չի կաշկանդում ԵՄ-ին Ադրբեջանի խնդիրներին անդրադառնալուց»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական