Միջազգային

«Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու երաշխիքները կարևոր են». Ելիսեյան պալատ

«Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու երաշխիքները կարևոր են». Ելիսեյան պալատ

Ֆրանսիայի նախագահականը հաղորդագրություն է տարածել Քիշնևի հնգակողմ հանդիպման վերաբերյալ։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հինգշաբթի՝ հունիսի 1-ին, Քիշնևում կայացած Եվրոպական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցություններ են վարել։

Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը հաստատել են 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում հաստատված իրենց հանձնառությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիմամբ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ։ Նրանք վերահաստատել են Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը։

Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին՝ հարգել իրենց բոլոր պարտավորությունները, մասնավորապես, հնարավորինս շուտ ազատ արձակել ռազմագերիներին: Նրանք նաև հիշեցրել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներդրման կարևորությունը։ Վերջում նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների սահմանման կարևորությունը։

Նախագահ Մակրոնը հատուկ ընդգծել է ցանկացած թշնամական հռետորաբանությանը չտրվելու և, ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության, խաղաղության վերականգնման ուղղությամբ ջանքերի շարունակման կարևորությունը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական