ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարաբերություններին ետսովետական երկրների հետ. «Բազմաթիվ փաստեր կան՝ հիմնված մեր ամենամոտ դաշնակիցների, ռազմավարական գործընկերների գործողությունների, հայտարարությունների վրա, որոնք ասում են, որ իրենց, մեղմ ասած, շատ անհարմար դրության մեջ են դրել։ Նրանք փորձում են չանել այնպիսի բան, որը կարող է տնտեսական վնաս հասցնել։ Նրանք հայտնվում են երկու կրակի արանքում։ Տնտեսական կապերի առյուծի բաժինն ընկնում է Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի վրա։ Բայց Արևմուտքի մասնաբաժինը Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի տնտեսության մեջ աճում է։ Արևմուտքը մեթոդաբար և ցինիկորեն պահանջում է իրենց շահերին հակասող քայլեր չձեռնարկել՝ խոստանալով ոսկե սարեր։ Չնայած, իրականում դա վերածվում է միայն ներքին գործերին միջամտության», - հայտարարել է Լավրովը։
Նա նշել է նաև, որ միաժամանակ ընդլայնվում է ԱՄՆ-ի, Բրիտանիայի, ԵՄ-ի բյուջեներից ֆինանսավորվող հկ-ների ցանցը, որոնք ետսովետական մի շարք երկրներում ավելի ու ավելի հանգիստ են զգում և նույնիսկ փորձում «պատվիրել երաժշտություն»․ «Չեմ թվարկի, դրանք բոլորին քաջ հայտնի են։ Բայց, այս ամենով հանդերձ, ես համոզված եմ, որ այդ երկրները համերաշխ են Ռուսաստանի հետ։ Նրանք իսկապես մեր դաշնակիցներն են։ 2023 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի օրը դրա վկայությունն էր»,- նշել է Լավրովը։