Հայաստանը ձգտում է օպերատոր դառնալ իրանական Չաբահար նավահանգստում։ Այս մասին նշում են իրանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը։
Վարչապետի որոշման մեջ նշված է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի
Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով՝
Միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու գործարկման և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը քննարկելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը, հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը, աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա պարբերականությամբ ՀՀ վարչապետին ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում՝ առաջարկություններ և գործողությունների ծրագիր, իսկ վերջնական արդյունքները ներկայացնել մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը»,- ասված է որոշման մեջ։
Իրանական ԶԼՄ-ները նշում են նաև, որ աշխատանքային այս խմբի նպատակն է Հայաստանի մասնակցությամբ մշակել բեռնափոխադրումների նոր երթուղի, որը Վրաստանի և Սև ծովի միջոցով կմիացնի Արևելյան Ասիայի, Հնդկաստանի և Իրանի երկրները Եվրոպայի հետ։