Միջազգային

«Բաքուն էլ պետք է ցույց տա, որ Ղարաբաղում լինելու է ինքնորոշման որոշակի մակարդակ». Ուորլիք

«Բաքուն էլ պետք է ցույց տա, որ Ղարաբաղում լինելու է ինքնորոշման որոշակի մակարդակ». Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյսմ Ուորլիքը անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։ Նա անիրատեսական է համարել այս փուլում կողմերի միջև վերջնական համաձայնությունը: 

«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, Ուորլիքը կարևորել է հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ շեշտելով՝ առանց կարգավիճակի խնդրի կարգավորման, որը կգոհացնի կողմերին, անհնար է հասնել տևական խաղաղության. «Ես չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի համար անկախության մասին: Չեմ կարծում, որ այդ հարցը դրված է բանակցային սեղանին, հատկապես Ադրբեջանի տեսանկյունից, բայց կարող է լինել ինքնորոշման որոշակի աստիճան, որն ընդունելի լինի Բաքվի համար»։ 

Նրա պնդմամբ՝ մինչ օրս շատ բարդ հարց է եղել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որը նշանակում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Այսօր Հայաստանը շարժվում է այդ ուղղությամբ, իսկ ինչպիսի ձևակերպում դա կստանա փաստաթղթում, դեռևս անհայտ է, նշում է նախկին դեսպանը: Ըստ նրա՝ Բաքուն էլ պետք է ցույց տա, որ Լեռնային Ղարաբաղում լինելու է ինքնորոշման որոշակի մակարդակ, որպեսզի դա ընդունելի լինի Հայաստանի համար:

Ուորլիքը նաև կարևոր հիմնախնդիր է համարել Լաչինի միջանցքի հարցը, որը պետք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ. «Ոչ ոք չի սպասում, որ Լեռնային Ղարաբաղը և այնտեղի դե ֆակտո իշխանությունները պարզապես հրաժարվեն այն ամենից, ինչի համար պայքարել են վերջին տասնամյակների ընթացքում։ Կարծում եմ, որ պետք է որոշակի ճանաչում, որ Լեռնային Ղարաբաղում կա համայնք, և որ նրանք պետք է ունենան կարգավիճակ, որին համաձայն են Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները»,- ասել է նա:

Բանակցային գործընթացի մեկ այլ կարևոր հարցերից է, ըստ Ուորլիքի, ռուս խաղաղապահների հարցը, որը փոխկապակցված է Ռուսաստանի ներգրավածության հետ. «Ռուսական միջնորդությամբ հրադադարը չի կարելի անտեսել, քանի որ դա այն է հիմքն է, որտեղ մենք գտնվում ենք այսօր։ Արդյո՞ք դա միակ հիմքն է, և արդյո՞ք դա ինչ-որ կերպ Մոսկվային տալիս է առաջնորդություն կամ արտոնություն ապագա բանակցություններում: Իհարկե ոչ»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական