Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը փակ է, և դա իմ որոշումն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ անդրադառնալով նաև Իրանի հետ հարաբերություններին։
«Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը դիտավորյալ, կազմակերպված ահաբեկչություն էր՝ ադրբեջանցի դիվանագետներին և նրանց ընտանիքներին սպանելու նպատակով։ Այդ շենքում մենք ունեինք ոչ միայն դեսպանատուն, այլև բնակարաններ, որտեղ ապրում են դիվանագետների ընտանիքները։ Մի քանի երկրներում մենք անվտանգության աշխատակիցներ ունենք, բայց միայն Իրանում նրանց թույլ չեն տվել զենք կրել»,- ընդգծել է Ալիևը։
Նա նշել է, այժմ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա, և շատ դժվար է կանխատեսել՝ դրանք կմնան այս մակարդակում, կիջնե՞ն, թե՞ կբարձրանան։
«Մենք որոշ հաղորդագրություններ ենք ստացել Իրանի պաշտոնյաներից, եղել են հեռախոսազանգեր և այլ հաղորդագրություններ, հարաբերությունների կարգավորման առաջարկներ։ Բայց, միանշանակ, ինչպես ասացի, մեր պահանջները միանգամայն օրինական են ու արդարացված։
Հարաբերությունների կարգավորման մասին մենք կկարողանանք խոսել միայն այն ժամանակ, երբ դրանք կատարվեն։ Եթե ոչ, ապա՝ ոչ: Իրանում բոլորը վերջապես պետք է հասկանան, որ սպառնալիքի և ահաբեկչության լեզուն չի աշխատում Ադրբեջանի հետ։ Որքան շուտ նրանք հասկանան դա, այնքան շուտ մենք կարող ենք հարաբերությունների կարգավորման նշաններ տեսնել»,- ասել է Ալիևը: