Չինաստանն անպատասխան է թողել ռուսական մասնավոր ռազմական «Вагнер» ընկերության՝ զենք-զինամթերք ձեռք բերելու հարցումը, որն արվել է 2023թ․ սկզբին։ Այս մասին հինգշաբթի հայտնել է «Financial Times»-ը։ ԱՄՆ հետախուզության զեկույցի համաձայն՝ հունվարի սկզբի դրությամբ Չինաստանը «Վագներին» ոչ մի զենք չի ուղարկել, նույնիսկ՝ փորձարկման համար, և չի կապվել «Վագների» հետ՝ զենք մատակարարելու հետ կապված հարցերով։
Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Պեկինը դիտարկում է Ռուսաստանին մահաբեր զենք մատակարարելու հարցը՝ զինամթերքի, հրետանային արկերի և հրթիռների պաշարները համալրելու համար, սակայն ընդգծել է, որ չկա որևէ ապացույց, որ Չինաստանը նման աջակցություն է ցուցաբերել Ռուսաստանին: