ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել էր, թե Տեղ գյուղում հայ-ադրբեջանական ընդհարումը դադարեցվել է ՌԴ անվտանգության դաշնային ուժերի կողմից։ Մինչդեռ, ավելի վաղ իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել էր, թե մարտերի դադարեցման հարցում որևէ միջնորդություն չի եղել։
Պատասխանելով այդ մասին լրագրողի հարցին՝ Զախարովան նշել է. «Հիանալի է, երբ կողմերը կարողանում են պայմանավորվել ամենադժվար հարցերի շուրջ։ Ես ասացի՝ իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ մեր ջանքերը պետք է մեկնաբանվեն ոչ միայն և ոչ այնքան քաղաքական ուժերի առանձին ներկայացուցիչների, այլ գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք էլ պատասխանատու են այդ ոլորտի համար։ Այդ գնահատականները ես կարող եմ կիսել, չկիսել։ Այլապես, որքան մարդ, այնքան կարծիք»,- ասել է Մարիա Զախարովան։
Լրագրողի դիտարկմանը, թե իշխանական ուժի ներկայացուցիչն է հայտարարության հեղինակը, Զախարովան հեգնել է. «Չէ՞ որ Հայաստանում ժողովրդավարություն է, այնտեղ ցանկացածը հնարավորություն ունի իր տեսակետը հայտնել»։