Միջազգային

«Ես շուտով կմեռնեմ, եթե բժշկական օգնություն չստանամ Վրաստանի սահմաններից դուրս». Սաակաշվիլի

«Ես շուտով կմեռնեմ, եթե բժշկական օգնություն չստանամ Վրաստանի սահմաններից դուրս». Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Politico» պարբերականին պատմել է, որ վրացական բանտում, որտեղ նա այժմ գտնվում է, առողջ և եռանդուն տղամարդուց վերածվել է 20 ախտորոշմամբ հիվանդի: Սաակաշվիլին գրում է, որ շուտով կմահանա, եթե բժշկական օգնություն չստանա երկրից դուրս: «The Insider»-ը ներկայացրել է միջազգային հանրությանն ուղղված նրա ուղերձից մի հատված:

«Երբ 8 տարվա աքսորից հետո 2021թ․ հոկտեմբերին վերադարձա Վրաստան՝ աջակցելու ազատ խորհրդարանական ընտրություններին, ես առողջ, եռանդուն 54-ամյա տղամարդ էի։ Այնուհետ անմիջապես ձերբակալվեցի վրացական իշխանությունների կողմից, և այդ ժամանակվանից գտնվում եմ կալանքի տակ՝ «իշխանության չարաշահման» մասին լուրերի և քաղաքական դրդապատճառներով մեղադրանքների հիման վրա, որոնք միայն Կրեմլը և Վրաստանի ներկայիս կառավարությունն են համարում օրինական:
Իսկ կալանավայրում առողջությունս կտրուկ վատացել է. ես հիմա մեռնում եմ։

Ես պարբերաբար խոշտանգումների եմ ենթարկվել՝ ֆիզիկապես և հոգեպես, ծանր մետաղներով թունավորման նշաններ կան: Այժմ ես տառապում եմ 20-ից ավելի լուրջ հիվանդությունից, որոնք բոլորն էլ զարգացել են կալանքի ժամանակ:

Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ես շուտով կմեռնեմ, եթե պատշաճ բժշկական օգնություն չստանամ երկրից դուրս:
Ես շարունակում եմ կոչ անել ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը՝ անել հնարավոր ամեն ինչ իմ կյանքը փրկելու համար՝ դիվանագիտական ճնշում գործադրելով Վրաստանի կառավարության վրա և տնտեսական պատժամիջոցներ սահմանելով Իվանիշվիլիի և նրա համախոհների դեմ։
Իմ մահը կարող է քաղաքական քաոս առաջացնել Վրաստանում, բայց իմ նահատակությունը, անշուշտ, կհամարվի Պուտինի հաղթանակը, հզոր խորհրդանիշ գուցե ամբողջ աշխարհի համար, որը կտեսնի, որ անհնար է դիմակայել ռուսական իմպերիալիզմին»:

Սաակաշվիլին նաև նշում է, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Վրաստանը «շարունակում է սահել Կրեմլի ուղղությամբ»․ «Վրաստանում ժողովրդավարական հետընթացը կրկին նշանավորվեց ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների մասին զեկույցի հրապարակմամբ, իսկ ժողովրդավարության գլոբալ սպառնալիքը ցուցադրվեց անցյալ ամիս Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպման ժամանակ:

Սակայն, միևնույն ժամանակ, Վրաստանի ժողովուրդը վերահաստատել է իր հավատարմությունը ժողովրդավարությանը և բռնապետության դեմ պայքարին՝ բողոքի ցույցեր իրականացնելով Թբիլիսիի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց»,- գրել է Վրաստանի նախկին նախագահը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական