«Եվրամիության երկրները Եվրահանձնաժողովին խնդրել են մինչև ամառ աջակցության փաթեթ ներկայացնել Մոլդովային». Քիշնև կատարած պաշտոնական այցի ժամանակ ասել է ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Նա խոստացել է, որ մակրոֆինանսական աջակցության փաթեթը կլինի «էական ու ծանրակշիռ»։
Միշելն ասել է, որ ԵՄ խորհուրդը մինչև 2023 թվականի ավարտը պետք է որոշում կայացնի Ուկրաինայի և Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ «Դա կլինի քաղաքական որոշում՝ հաշվի առնելով այն զեկույցը, որը կպատրաստի Եվրահանձնաժողովը, և ես անկեղծ հույս ունեմ, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի դրական որոշում կայացնել։ ԵՄ-ի ճանապարհին առաջընթացը շոշափելի և դրական արդյունքներ կունենա Մոլդովայի ժողովրդի համար», - վստահեցրել է ԵՄ խորհրդի նախագահը։